ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արարատ լեռան խորհուրդը

Արարատ լեռան խորհուրդը
08.05.2009 | 00:00

ԿՈՐՈՒՍՅԱԼ ԴՐԱԽՏՆ ԱՅԺՄ ԳՏՆՎՈՒՄ Է ՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՏԱԿՈՒՄ
Հոգևոր առումով «խորհուրդ» նաև նշանակում է գաղտնիք, ինչը մեր առօրեական մտքին անհաս է, մինչև որ չենք խորանում էության մեջ։ Հիմա պիտի փորձեմ հնարավորինս բացահայտել Արարատ լեռան խորհուրդը, որը համարյա ամեն օր տեսնում ենք, բայց միաժամանակ չենք տեսնում, քանզի նրա մասին շատից քիչը գիտենք։
Սկսենք նրանից, որ այն Հայաստանի միակ լեռն է, որն Աստվածաշնչյան «գրանցում» ունի, իսկ նրա անունով նախկինում կոչել են նաև մեր երկիրը. «Սենեքերիմ թագավորի որդիները՝ Ադրամելեքն ու Սարասարը սրով զարկեցին նրան, ու Արարատի երկիրը փախան» (Դ Թագավորների 19,37)։ Իսկ ըստ Մովսես Խորենացի պատմիչի` Իսրայելի դեմ դուրս եկած ու խայտառակ պարտություն կրած թագավորին սպանած տղաները գալով Հայաստան` դնում են Արծրունյաց նախարարության սկիզբը։
Եվ դարձյալ. «Երկրի վրա դրոշ բարձրացրե՛ք, ազգերի մեջ փող հնչեցրե՛ք, նրա դեմ (Իսրայելի) Արարադի, Միննի ու Ասքանազի թագավորությունները կանչե՛ք» (Երեմիա 51,27)։
Ըստ այս մարգարեության, Արարադի թագավորությունն Արարիչն անունով գիտեր ու կանչում էր Տիրոջ դեմ ապստամբած Իսրայելին խրատելու։
Այստեղից հետևություն. Տերը Արարատ լեռն ու Հայաստան երկիրը որպես մեկ էր տեսնում, բայց դարեր անց դրանք բաժանվեցին։ Իսկ թե ինչու, կփորձենք դարձյալ Աստծո խոսքով քննել։
Նախ, եթե մեզ մի փոքրիկ լիրիկական շեղում թույլ տանք, ապա կրկնագագաթ տապանակիր Արարատը կարող ենք համեմատել մայր Հայաստանի կրծքերի հետ` Սիս, Մասիս, որոնք դարերով սնել են հայոց ազգը սրբասնունդ կաթով՝ հավատով առ Աստված, քանզի Տերը կամեցավ մեղավոր հին աշխարհը դատապարտող տապանն այստեղ հանգրվանի, որպես նոր կյանքի խորհուրդ: Իսկ թե դա ինչ է նշանակում, դեռ կկարդաք, բայց մինչ այդ իմանանք, որ, ըստ մասնագետների, Արարատի վրա կուտակված ձյուները հալվելուց հետո ներծծվում են լեռան ընդերքը և արարչական անիմանալի հրամանով հոսում են մեծ մասամբ դեպի Հայաստան, ինչը հաստատվում է Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի առատությամբ: Սա չգրանցված փաստ է, որի ապացույցն Արարատի գագաթին մոտ լեռնային երկնազուլալ լճի գոյությունն է, որի գունավոր լուսանկարն ինքս եմ տեսել: Իսկ այժմ բոլորիս սրտին հարազատ Արարատ անվան հոգևոր խորհրդի մասին: Այս անունը, որը համահունչ է Արարիչ անվանը, իր ամենահին վկայությունն ունի Աստվածաշունչ մատյանից. «Յոթներորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա» (Ծննդ., 8,4): Այս էլ իմանանք, որ Աստվածաշնչում ընդհանրապես սա առաջին վկայությունն է որևէ լեռան մասին: Երբ Նոյը ջրհեղեղից հետո Տիրոջից հրաման ստացավ տապանից ցամաք իջնելու իր ընտանիքի հետ, նա առաջինը ոտք դրեց Արարատ լեռան լանջին ու հետագայում այդ հողի վրա հիմքը դրեց ու կառուցեց ապագա քաղաքների և գավառների մայրը և անվանեց Նախավան, այսինքն` ազգերի հոր և իր ընտանիքի առաջին ավան, որը տասներորդ դարից հետո կոչվել է Նախիջևան: Այստեղ Նոյը ջրհեղեղից հետո առաջին զոհասեղանը պատրաստեց Աստծուն պատարագ մատուցելու համար: Այս հողում էլ ամփոփվեց այդ արդար ու աստվածավախ այրի մարմինը: Որպես հաստատումն դրա, հայոց պատմիչները փաստում են, որ Նոյի կինը՝ Նոյեմզարան, թաղված է հայոց Վասպուրականի նահանգի Մարանդ կամ Մայրավանդ կոչվող վայրում։
Նաև, ըստ Սուրբ Գրքի, Աստված Եդեմի դրախտը տնկեց և Իր ստեղծած մարդուն՝ Ադամին, այնտեղ դրեց։ Աստծո Խոսքը մեզ տեղեկացնում է, որ «Մի գետ էր բխում Եդեմից, որը բաժանվում էր չորս ճյուղերի, որպեսզի ոռոգեր պարտեզը: Մեկի անունը Փիսոն էր, երկրորդ գետի անունը Գեհոն էր, երրորդ գետի անունը Տիգրիս էր, չորրորդ գետը Եփրատն էր: Տեր Աստվածն Իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի և պահպանի այն» (Ծննդոց 2.8-17): Իսկ պատմաբանները մեզ հեշտությամբ կապացուցեն, որ Փիսոնը համանուն հայոց Փասիսն է, որ նաև Ճորոխ է կոչվել, Գեհոնը մեր Արաքսն է, իսկ մյուս երկուսի անուններն այդպես էլ չեն փոխվել։
Քանի որ Աստվածաշունչ մատյանում ամեն բան իր խորհրդաբանական նշանակությունն ունի, ապա այս էլ իմանանք, որ, ըստ հայտնի աստվածաբան Փիլոն Եբրայեցու, Եդեմի գետը խորհրդանշում է Աստծո իմաստությունից բխող բարության առաքինությունը, որը, բաժանվելով չորս առանձին գետերի, ոռոգում է ողջ երկիրը, և Փիսոնը խոհականության խորհրդանիշն է, Գեհոնը՝ արիության, Տիգրիսը՝ ողջախոհության, իսկ Եփրատը, կամ Արածանին՝ արդարության (Փիլոն Եբրայեցի, «Ճառք»): ՈՒ քանի որ Արարիչ Աստված կամեցավ, որ մեր ազգը մկրտվի Եփրատում, ապա դա նշանակում է, որ Տերը մեզ առաջինն արդարացրեց մեր մեղքերից և Իր անդրանիկը դարձրեց համայն ազգերից, որոնք պետք է դավանեին Աստծո Որդու փրկարար անունը:
Այս էլ իմանանք, որ, ըստ ժամանակակից գիտնականների լուրջ ուսումնասիրությունների, կորուսյալ դրախտն այժմ գտնվում է Վանա լճի հատակում: Ջրհեղեղից հետո Արարիչ Աստված երկրային դրախտն իսպառ ծածկեց մարդկանց աչքերից և ճշմարիտ հավատի աչքեր տվեց, որ երկնային ու անանց դրախտին սևեռենք:
Եթե կա արյան կանչ արտահայտությունը, ապա կա նաև հոգու կանչ խորհուրդը, երբ մեր ներսի՝ անտեսանելի մարդը, ծնված Աստծո Սուրբ Հոգուց, փնտրում է անիմանալին, իսկ մեր հոգին՝ անբացատրելին, որին սուրբ վարդապետները դրախտի կարոտ են անվանում: Եվ դարերի այդ կարոտը երկնքում պիտի առնենք. միայն թե Տերն արժանացնի: Իսկ Վան քաղաքը, որը նախկինում կոչվել է Տուշպա կամ Տոսպ (մ.թ.ա. IX-VI դդ.), եղել է ՈՒրարտական (հետագայում` Բիաինան, որից կազմավորվել է Հայաստանը) պետության մեզ հայտնի առաջին մայրաքաղաքը:
Իսկ Ղևոնդ Ալիշանի պնդմամբ, աշխարհի չորս ամենահինավուրց ազգերից են հայերը, որոնք, ըստ Աստվածաշնչի, սերում են անմիջապես Նոյի որդի Հաբեթի թոռից՝ Թորգոմից, հրեաները՝ Աբրահամից, որը Նոյից հետո տասներորդն էր, մյուս երկուսն էլ չինացիներն ու հնդկացիներն են համարվում: Նա հիմնվել է Հովհաննես Իմաստասեր Սարկավագ վարդապետի հաշվարկների վրա, ըստ որի հայոց ազգի տարիքը կազմում է 2492 տարի Քրիստոսից առաջ ու գումարած այսօրվա մեր թվականը: Այսինքն, այս հոդվածի տպագրման թվին մեր ազգի տարիքն է 4501 տարի։
Վերջում ոչ թե կեղծ հայրենասիրական պաթոսով, այլ այժմյան հոգևոր վիճակին համապատասխան մի մտորում ևս ավելացնենք. Արարատ լեռը մեր ազգի լինելիության մշտամնա ապացույցն է, դա անհերքելի է, բայց որ այն արդեն մեկ դար գերության մեջ է անօրենների ձեռքում, դա ևս փաստ է։ Բայց այստեղ կարևոր է, թե ինչու է Տերը թույլ տվել, որ սրբությունն անսուրբների մոտ գերության մնա։ Ըստ իս, մեր ազգը, հոգևոր առումով, դեռևս անպատրաստ է Արարատ լեռը հետ ստանալու, քանի որ սրբության հետ անսրբությամբ վարվելով, մենք առավել մեծ պատժի կենթարկվենք։
Ասածիս ապացո՞ւյց եք ուզում. խնդրեմ, գնացեք մեր ազգի համար սուրբ վայր համարվող Եղեռնի հուշահամալիր, և դեռ այդ վայրը չմտած, հենց մուտքի մոտ սրբապղծության ամենատարածված սիմվոլը կտեսնեք. մերկանդամ ինչ-որ պարուհի կնոջ ռեկլամային սիլուետ, որը ձեզ «հրապուրելով»` կանչում է գիշերային արկածների ակումբ, որը ճիշտ այդ հուշահամալիրի հարևանությամբ է գտնվում։ Իսկ քիչ այն կողմ «Հավանա» կոչվող սրճարան, թե ռեստորան անունով մի շինություն է ծավալվել։ Թե ինչ կապ ունեն գիշերային զվարճատունն ու մարմնավաճառության ժամանակակից պետության` Կուբայի մայրաքաղաքը մեր սրբացած նահատակների հուշահամալիրի հետ, բացարձակապես անհասկանալի է։ Ավելի ճիշտ չէ՞ր լինի եղեռնի զոհերին առավել հարգալից, օրինակ` Մուշ, Սասուն, Վան, Էրգիր կամ այլ համապատասխան անուններ դրվեին այդ օբյեկտներին։
Պատկերացնո՞ւմ եք, թե մեր «տղերքը» ինչե՜ր, ինչե՜ր կսարքեին Արարատի փեշերին, կամ նույնիսկ ձյունաճերմակ գագաթին, եթե այդ սուրբ լեռը մեզ վերադարձվեր։ Չէ՞ որ արդեն իսկ օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք մտնելիս մեր ազգի առաջին այցեքարտը հենց դրանք են. գիշերային ակումբներն ու վառ արտահայտված օտարամոլ անուններով խաղատները։
Հիմա համոզվեցի՞ք, որ մենք դեռ հոգևորապես անարժան ենք սուրբ լեռը մեր մեջ ընդունելու, որպեսզի դատապարտության չարժանանանք այն պղծելով։
Ահա սկսեցինք այս հոդվածը Արարատի հոգևոր խորհրդով, որ Աստվածաշնչային էր ու սուրբ, և ավարտեցինք մարմնավորով, որ անսուրբ էր ու ամոթալի. մեր միլիոնավոր նահատակները նման անսրբությունների համար իրենց քրիստոնյա արյունը չթափեցին։
ՈՒրեմն եկեք, ինչպես մեր Տեր Հիսուսն է պահանջում, նախ` մեր ներսը մաքրենք, այդ ժամանակ դուրսն էլ մաքուր կլինի, և գուցե դրանից հետո Արարատ լեռն էլ նորից մեզ կվերադարձվի, քանզի Աստծո մոտ անհնարին բան չկա։
Իր մտորումները ներկայացրեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 7193

Մեկնաբանություններ